Հրաչ Մուրադյանի հարազատներն ու ընկերները փակել են Երեւան-Աշտարակ ճանապարհը

Բացահայտեք Հրաչի սպանությունը

 

Պռոշյան գյուղի պանթեոնում այսօր իրենց հանգուցյալ գյուղապետ, ազատամարտիկ Հրաչ Մուրադյանի հիշատակը խնկարկելուց հետո պռոշյանցիները, Մուրադյանի հարազատներն ու ընկերները փակել են Երեւան-Աշտարակ ճանապարհը։

Հավաքվածների զայրույթի եւ դժգոհության պատճառը նույնն է. Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է ուղիղ մեկ տարի, սակայն իրավապահ մարմիններն այս ուղղությամբ ոչ մի բացահայտում չեն կատարել։ Բողոքի ակցիայի մասնակիցները բացականչում են “Ամոթ, ամոթ… Պահանջում ենք…”։

Նրանց խոսքով, ճանապարհը փակ կպահեն այնքան ժամանակ, մինչեւ հանրապետության գլխավոր դատախազը եւ ոստիկանապետը չգան եւ չբացատրեն, ինչո՞ւ չեն բացահայտում Մուրադյանի սպանությունը։

Երեւան-Աշտարակավտոճանապարհը փակած բողոքի ակցիայի մասնակիցների հետ  հանդիպման է եկել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արամ Զաքարյանը։ Նա ասել է, որ հանրապետության գլխավոր դատախազը Տավուշի մարզում է եւ այսօր նրանց հետ հանդիպման գալ չի կարող։

Զաքարյանն առաջարկել է վաղն առավոտյան հանդիպում ունենալ Գլխավոր դատախազությունում` դատախազի եւ ոստիկանապետի հետ եւ հորդորել, բացել ճանապարհը։ Սակայն հավաքվածները նրա առաջարկին չեն համաձայնել։

Երեւան-Աշտարակ ավտոճանապարհը բացվեց այն բանից հետո, երբ հավաքվածների հետ հանդիպման եկավ գլխվավոր դատախազի տեղակալ Հրաչյա Բադալյանը։ Նա հավաքվածներին հայտնեց, որ եկող շաբաթվա սկզբին` երկուշաբթի կամ երեքշաբթի, գլխավոր դատախազն ու ոտիկանապետը պատրաստ են հանդիպել պռոշյանցիների հետ եւ ներկայացնել Հրաչ Մուրադյանի գործի հետ կապված խնդիրները։Հանդիպումը, ըստ ամենայնի, կկայանա հենց Պռոշյան համյանքում։

Այս հայտարարությունից հետո դեպքի վայրում գտնվող ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուտսամյանը հորդորով դիմեց բողոքի ակցիայի մասնակիցներին։ Նրա խոսքով, պետք է սպասել հանդիպմանը եւ այնտեղ բարձրացնել հուզող բոլոր հարցերը։ Իսկ եթե հանդիպումը գյուղացիներին չգոհացնի, միասին կմտածեն հետագա անելիքների մասին:

 

աղբյուր` Երկիր մեդիա