Եղեռնը վերապրած Եպրաքսյա տատին բաժին չի հասել պետության դրամական հատկացումից

Մեր կողքին, մեր շրջապատում չափազանց քիչ են այն մարդիկ, որոնք բոլորել են հարյուրամյակը: Հազվադեպ են Մեծ եղեռնի տարեկիցները:
Նրանցից մեկը Եպրաքսյա Կարապետյանն է: Ծննդյան վկայականում ծննդյան օրվա մասին գրառում չկա: Միայն նշված է տարին. 1915 թվական…
Եպրաքսյա տատը պատմում է.
-Ծնվել եմ Ղարս քաղաքում:  Գրկանոց երեխա եմ եղել, որ սկսվել է գաղթը:
Ընտանիքում մի քանի երեխա է եղել: Սոված, ծարավ, օրերով ոտքով ճանապարհ են կտրել` Արաքսից այս կողմ անցնելու և փրկվելու համար: Ծնողների համար շատ դժվար է եղել ուտելիք ճարել, հոգալ երեխաների համար: Մոր կաթը չի բավարարել երեխային, և ոմանք առաջարկել են մյուսներին փրկելու համար նորածնին թողնել ճանապարհին: Բայց մայրը չի համաձայնել: Ի վերջո, բոլորն էլ անցել են գետը և հասել Սարդարապատ գյուղ: Continue reading

Advertisements

ԿՅԱՆՔ` ԱՊՐՎԱԾ ԿԱՐՈՏՆԵՐԻ ԱՓԻՆ

Եղեռնից հետո բազմաթիվ գաղթականներ լքեցին իրենց օջախներն ու գյուղերը և ապաստան գտան Արևելյան Հայաստանում կամ  այլ երկրներում: Արդեն հարյուր տարի է անցել, և շատ քչերն են մնացել ցեղասպանությունը վերպրողներից : Բայց դեռ ապրում են և ունեն մեզ փոխանցելու հիշողություններ  հիշողություններ:

Վերապրողներից մեկն էլ Ֆարխա Հակոբյանն է,  զուլումից փրկված  բեկորներից մեկը:  Ֆարխա տատիկը ծնվել է 1908 թվականին Թուրքիայի Դիարբեքիրի շրջանի Սինան  քաղաքում: Նրա Հայրը Գորգիսը եղել է ռեյս,  շրջանում հարգված մարդ: Ունեցել են շատ հողեր և մշակներ: Շատ բան արդեն չի հիշում Ֆարխա տատիկը, իմացածն էլ խառնում է իրար: Իր մանկությունից կցկտուր հիշողություններ են մնացել, սակայն ոգևորությամբ է պատմում: Ոչինչ որ նրա ասածներից շատ բան մնում է անորոշ: Փոքր հասակում կորցրել է մորը, թե ինչու է մայրը շուտ մահացել չգիտի, միայն մի բան է հիշում: Իրեն փող են տվել, որ գնա խանութից կոնֆետ առնի, սակայն խանութպանը  փողը չի վերցրել, բայց մի բուռ լիքը կոնֆետ է տվել նրան:

Ընտանիքում երկու քույր , երկու եղբայր են եղել: Ավագ քրոջը քրդերն են փախցրել: Այնուհետև  քրոջ դիմաց բերում են հորը ղալան ենտալիս որոշակի գումարի տեսքով, սակայն հայրը բարկանում է և փողը չի վերցնում:   Ֆարխա տատիկի հայրը տեղի քրդերի հետ խնդիրներ է ունեցել, իրենից հողեր են պահանջել, նույնիսկ ցանկացել են սպանել: Սակայն եղել են նաև բարի մարդիկ, որոնք պաշտպանել են նրանց:  Շատ հայերի կոտորածներից փրկել է  նաև ինքը` Գորգիսը, նա միշտ դժվար պահերին հավաքում էր հայերին և ապահով վայր տեղափոխում: Հիշում  է, որ հորեղբոր ընտանիքին տեղահանության ժամանակ, գետով անցնելիս բոլորին գետի մեջ կոտորում են: Այդ ժամանակ գետից, բազմաթիվ դիակների միջից մի քուրդ գտնում է հորեղբոր երեխային, տանում պահում է նրան:   Իսկ հորեղբոր աղջկան տանում են Դիարբեքիրի եկեղեցի: Այտեղ էին պատսպարվում  որբերը: Տարիներ անց հորեղբոր աղջիկն էլ ամուսնանում է մի մշեցու հետ և գնում Սիրիա: Հայրն իրեն էլ շատ վաղ հասակում է ամուսնացրել:  Մոտ 10-12 տարեկանում ամուսնացել է  Բաշկո գյուղից մի մարդու հետ, որի անուն ազգանունը Մանուկ Հակոբյան էր: Այն ժամանակ Երուսաղեմ ուխտի էին գնում և այդ ուխտավորները ստանում  էին << Մուղսի>> մականունը: Հակոբին էլ Մուղսի էին կանչում: Ամուսնանալուց հետո ամուսնու հետ որոշ ժամանակ ապրում են Սասունի Հազվե քաղաքում, զբաղվում հողագործությամբ և անասնապահությամբ: Երեք երեխա է ունենում Թուրքիայում, սակայն երեքն էլ մանուկ հասակում մահանում են: Continue reading

ԵՂԵՌՆ 98

20-րդ դարասկզբին Հայ ժողովուրդը աննախանձելի իրավիճակ էր ապրում օսմանյան կայսրության մեջ, կեղեքվում էր և ենթարկվում խտրականության և անարդարության:

Հեղափոխական շարժումների հետևանքով նոր Սահմանադրություն հաստատվեց Թուրքիայում, Սուլթանը գահընկեց եղավ և Երիտասարդ Թուրքերը իրենց ձեռքն առան երկրի ղեկը:  Երիտթուրքերը նույնպես հայահալած քաղաքականություն վարեցին և դա իր վերջնական արդյունքին հասավ 1915ի մեծ եղեռնով:

Թուրք ազգայնականությունը նպատակ ուներ թուրք ժողավուրդներին համախմբելու կազմվելիք թուրքական հայրենիքի`Թուրանի մեջ: Այդ նպատակին հասնելու համար պետք էր մեջտեղից վերացնել գլխավոր արգելքը` հայ ժողովրդին:

1915թվականին, երբ ազատության, հավասարության և եղբայրության դիմակի տակ իշխանության հասած Երիտասարդ Թուրքերի ղեկավարները`Թալյաթը, Էնվերը և Ջեմալը, օգտագործելով համաշխարհային Ա. պատերազմի ընձեռած լայն կարելիությունները, ծրագրեցին և գործադրեցին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Արևմտյան Հայաստանում և Փոքր Ասիայի հայաբնակ տարածքներում բնակվող հայ ժողովուրդը դարձավ հրեշավոր քաղաքականության  զոհը:  1915 թ. Ապրիլի 24-ն  ձերբակալվում և աքսորվում են 600-ից ավելի հայ մտավորականներ:

Ընդհանուր հաշվով Օսմանյան Թուրքիայում բնակվող 2,5 միլիոն հայերից 1,5 միլիոնը զոհ գնացին թուրքական յաթաղանին: Արևմտահայությանը հասցվեց հսկայական նյութական վնաս, ավերվեցին հայկական եկեղեցիներ, կրթության ու մշակույթի օջախներ, յուրացվեցին հայերի կալվածքները, տները, նյութական միջոցները:

Այժմ 98 տարի անց ցեղասպանութուն ապրած հայերի սերունդներն իրավունք ունեն արդարության, ճշմարտության ճանաչման, դատապարտման և հատուցման:

Սույն թվականի ապրիլի 23-ին, ժամը 20:00ին Աշտարակի հրապարակում տեղի կունենա մոմովառություն` նվիրված  եղեռնի զոհերի հիշատակին: