Հասարակական քննարկումներ քաղաքապետարանում

Աշտարակի աղբավայրըՄեր քաղաքի առջև ներկայումս շատ կենսական հարցեր են ծառացած, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Դրանք տարբեր պատճառներով անընդհատ հետաձգվում են:
Սակայն կան հրատապ հարցեր, որոնց լուծումն այսօր է անհրաժեշտ տալ:
Դրանցից մեկը քաղաքի աղբավայրի` բազում տարիներ չարչրկված խնդիրն է: Որպես քաղաքի աղբավայր տարիներ շարունակ շահագործվել է Սասունիկ համայնքի հարևանությամբ լքված նախկին քարհանքի տարածքը: Սասունիկ կամ Էջմիածին մեկնելիս,  բոլորս էլ, անխտիր, անցնում ենք դրա կողքով: Չխոսելով մեզ համակած այլ տհաճ զգացողությունների մասին, նշենք, որ դա քաղաքակիրթ աղբավայր համարելը պարզապես, տեղին չէ:
Հարցը բազմիցս քննարկվել է քաղաքապետարանում և տարբեր կազմակերպություններում: Աղբավայրը բնապահպանական կոպիտ խախտումներով շահագործելու համար քաղաքը տասնյակ միլիոնների հասնող տուգանքներ է վճարել:
Սակայն Աշտարակի բյուջեն հնարավորություն չունի պատշաճ տեսքի բերել աղբավայրը և ապահովել դրա օրինավոր շահագործումը:
Ներկայումս տարածաշրջանի մի քանի համայնքների համար նոր աղբավայր է կառուցվում` նախորդից հեռու, երթևեկելի ճանապարհներից ազատ տարածքում: Աշտարակի քաղաքապետարանին առաջարկվել է օգտվել այդ աղբավայրից` որոշակի վարձավճար մուծելով:Ահա այս հարցն է, որ տարբեր կարծիքներ է առաջացնում: Ոմանք գտնում են, որ վարձավճարը բավականին ծանր կնստի քաղաքի, առանց այն էլ աղքատ բյուջեի վրա: Մյուս մասի կարծիքն այն է, որ  անհրաժեշտ է դադարեցնել հին աղբավայրի շահագործումը,   հակառակ դեպքում, բնապահպանական տուգանքներն առավել մեծ կլինեն: Բացի այդ, անհրաժեշտ է Սասունիկը և մայրուղին ազատել նման տհաճ բեռից:
Հարցը վերջնականապես քննարկելու նպատակով օրերս քաղաքապետարանում կազմակերպվել էին լսումներ, որոնց մասնակցում էին ավագանու, քաղաքապետարանի անդամները, թաղապետերը, քաղաքացիներ:
Եղան տարբեր կարծիքներ, բերվեցին փաստարկներ: Որոշում կայացվեց ուսումնասիրել նոր աղբավայրի կազնակերպիչների պահանջները, որոնք ընդունելի լինելու դեպքում կսահմանվի հետագա գործողությունների կարգը:
Գիտակցելով հարցի կարևորությունը, ՙԱշտարակ՚ թերթը ցանկանում է հասարակության առավել լայն շերտերի քննարկմանը ներկայացնել խնդիրը:Մեր համաքաղաքացի ընթերցողներին հրավիրում ենք ներկայացնելու իրենց նկատառումներն այս կարևոր խնդրի շուրջ: