Եղեռնը վերապրած Եպրաքսյա տատին բաժին չի հասել պետության դրամական հատկացումից

Մեր կողքին, մեր շրջապատում չափազանց քիչ են այն մարդիկ, որոնք բոլորել են հարյուրամյակը: Հազվադեպ են Մեծ եղեռնի տարեկիցները:
Նրանցից մեկը Եպրաքսյա Կարապետյանն է: Ծննդյան վկայականում ծննդյան օրվա մասին գրառում չկա: Միայն նշված է տարին. 1915 թվական…
Եպրաքսյա տատը պատմում է.
-Ծնվել եմ Ղարս քաղաքում:  Գրկանոց երեխա եմ եղել, որ սկսվել է գաղթը:
Ընտանիքում մի քանի երեխա է եղել: Սոված, ծարավ, օրերով ոտքով ճանապարհ են կտրել` Արաքսից այս կողմ անցնելու և փրկվելու համար: Ծնողների համար շատ դժվար է եղել ուտելիք ճարել, հոգալ երեխաների համար: Մոր կաթը չի բավարարել երեխային, և ոմանք առաջարկել են մյուսներին փրկելու համար նորածնին թողնել ճանապարհին: Բայց մայրը չի համաձայնել: Ի վերջո, բոլորն էլ անցել են գետը և հասել Սարդարապատ գյուղ:
Բայց ապրելը շատ դժվար էր: Ընտանիքը ոչինչ չուներ և, ստիպված, մյուս երեխաներին` երկու քույրերին և եղբորը հանձնեցին ամերիկյան որբանոց: Սակայն նրանց բախտ չէր վիճակված ապրելու:  Նրանք հիվանդացան տիֆով և թաղվեցին որբանոցի ընդհանուր գերեզմանոցում:
Իսկ փոքր ընտանիքի համար կյանքը կամաց-կամաց սկսում էր դասավորվել, ապրելը հեշտանում էր: Սարդարա-պատում բարեգութ մարդիկ գտնվեցին, հայրն սկսեց աշխատել: Ընտանիքը գոյատևեց:
Դեռ փոքր էր Եպրաքսյա տատը` ընդամենը 15 տարեկան, որ ամուսնացավ ու տեղափոխվեց Աշտարակ:
Սակայն սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, և կյանքը նորից դժվարացավ: Ամուսինը մեկնեց պատերազմ` իր վրա թողնելով 3 երեխաների և ընտանիքի հոգսը:
Տունը պահելու համար աշխատել է գիշեր ու ցերեկ: Կոլտնտեսության դաշտերում ողջ օրն աշխատելուց հետո, երեկոներն ու գիշերները իր նմանների հետ գուլպա ու հագուստ էր գործում ու կարում` ռազմաճակատ ուղարկելու համար:Ռազմաճակատում կռվողների համար նաև սնունդ էին հավաքում:
Պատերազմից ամուսինը ողջ վերադարձավ, և սկսվեց առօրյա կյանքը: Ծնվեց ևս 5 երեխա: Դարձյալ դժվար էր, բայց ընտանիքը, կորուստներ տալով, գոյատևում էր:
Անցել էին դժվար ժամանակները: Եղեռնի և կորուստների մասին հիշողությունները պահպանվում էին: Ծնողների պատմածները մնում էին և փոխանցվում ուրիշներին:
Սակայն հիշողությունները` հիշողություններ, իսկ կյանքն իրենն է պահանջում: Ղարսում կորցրել էին բոլոր փաս-տաթղթերը, իսկ ինքը ծննդյան վկայական չուներ: Նոր գրանցումների կարիք կար: 1952 թ-ին դիմեց Հոկտեմբերյանի համայնքապետարան:
Սակայն այնտեղ, ինչ-որ մեկի թեթև ձեռքով, չնշվեց ծննդյան ամսաթիվը և որպես ծննդավայր հիշատակվեց Հոկտեմբերյան քաղաքը: Սակայն այն ժամանակ այդ մանրուքին ոչ ոք ուշադրություն չդարձրեց. Կարևորը փաստա-թուղթն էր:  Հետագայում ինքը դարձյալ դիմեց Հոկտեմբերյանի, ապա` Սարդարապատի համայնքին` ճշտում կատարելու իր փաստաթղթերում: Սակայն ոչ ոք հանձն չառավ կատարել անհրաժեշտ ուղղումները:
Բայց հիմա պարզվում է, որ այդ ճշտումների կարիքը կար:  Հանրապետության նախագահի հրամանագրով եղեռնից կենդանի մնացած մարդկանց համար որոշակի դրամական հատկացում է նախատեսվել: Սակայն Եպրաքսյատատին դրանից բաժին չի հասել: Ծննդյան վկայականում գրված է, որ նա ծնվել է ՙՀԽՍՀ Հոկտեմբերյան քաղաքում` 1915 թ-ին՚…
Սակայն այդ տարներին Հոկտեմբերյան անունով քաղաք չի եղել: Մի’ թե դժվար էր հետազոտել արխիվներն ու պարզել, որ Եպրաքսիայի ծնողները Ղարսից գաղթել են Արմավիր միայն 1918 թվականին, Հայ-թուրքական պատերազմի օրերին, և աղջիկն արդեն ծնված է եղել:   Արմավիրի  քաղաքպետարանի աշխատակիցներն իրենց նեղություն չեն տվել և հայցվորին տրամադրել են ոչ ճիշտ փաստաթուղթ: Եվ հիմա մարդուն կանգնեցրել են կատարված փաստի առաջ: Պարզվում է, որ ինքը Եղեռնից փրկվածների ցանկում չկա…
Բոլորին տրված դիմումներն ու բողոքները մնացել են անպատասխան. փաստաթղթում այդպես է նշված և` վերջ:Ոչ ոք չի ուզում ճշմարտության աչքերին նայել: Ստացվում է, որ փաստաթուղթն ավելի կարևոր է, քան մարդը, քան իր ծննդյան առաջին տարիներին ապրած մեծ ողբերգությունը:
Տիկին Եպրաքսյան իր կյանքում մեծ տառապանքներ է տեսել. ամուսնու, եղբոր և քույրերի, ծնողների մահ:  Այսօր կենդանի չեն նաև իր ծնած 8 զա-վակներից 7-ը: Տատիկն ամեն ինչ հստակ հասկանում և չի պատկերացնում, թե այդպիսի անարդարություն ինչպե’ս կարելի է թույլ տալ:
-Ախր, իմ նման քանի’ մարդ է կենդանի մնացել:  Ափսո’ս էր էդ գումարը, կամ պետությունը չունի’,- հարցնում է նա:
Իմ հրապարակումով ես ուզում եմ այս արտառոց փաստի վրա հրավիրել պատկան կազմակերպությունների և անձանց ուշադրությունը: Անարդարություն է կատարվել և մեծ անարդարություն: Այդ անարդարությունը, բաեբախտաբար, մեր մարզի հետ կապ չունի: Սակայն մարդուն օգնել միշտ էլ կարելի է: Մի բան ևս` միշտ կարելի է մի քիչ ավելի ուշադիր եղեք մարդու նկատ-մամբ:  Մի’ թողեք, որ նա միշտ կրկնի.
-Արդար չէ…
Եպրաքսյա Կարապետյանի հարևանների կողմից
ՎԱՐԴԻԹԵՐ ԺԱՄՀԱՐՅԱՆ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s