Դժվարին տունդարձ

Իմ առջև նստած պատկառելի տիկինը հուզված է: Նաև` քչախոս, չհարցնես` չի պատասխանի, որևէ մեկից և  որևէ բանից չի բողոքի: Ստեպ-ստեպ, խոսակցության ընթացքում փառք է տալիս Աստծուն, որ իրենք ողջ են, և սիրիական արհավիրքը իր ընտանիքի անդամներից որևէ մեկի կյանքը չի խլել…
Հայոց եղեռնից մազապուրծ եղած ընտանիքի զավակ է տիկին Խաթունը: Ծնողները 1915-ից հետո ապաստան են գտել սիրիական հյուրընկալ հողում, ստեղծել տուն, ընտանիք, ապրուստ:
-Լավ կապրեինք, դժգոհ չեմ, խոստովանում է տիկին Խաթունը:
Բայց սիրիական ողբեգությունը Խաթուն Սարգսյանի (Խաթուն Լիոն) ընտանիքին էլ հասավ. ռմբակոծությունից տունը քանդվեց, որդին ծանր վիրավորվեց, ինչ մնացել էր տնից` թալանվեց: Հալեպում ապրելն արդեն անհնար էր, և ընտանիքը ծնողների նման բռնեց գաղթի ճամփան: Ու ցիրուցան եղան…
Դուստրերն իրենց ընտանիքներով ներգաղթեցին Հայրենիք և բնակություն հաստատեցին Աշտարակ քաղաքում: Վիրավոր որդին տեղաշարժվելու ունակ չէր և մնաց Հալեպում` բուժվելու: Այնտեղ էլ անդամահատեցին նրա վիրավոր ոտքը:  Եվ մինչև այժմ էլ Հալեպում է, սպասում է երկրորդ վրահատությանը, որից հետո ինքն էլ Հայաստան կներգաղթի:
Տիկին Խաթունը Հալեպից մեկնեց ԱՄՆ` եղբոր մոտ, մինչև կլուծվեր ընտանիքի բնակության հարցը: Սակայն ճակատագիրը հետապնդում էր Սարգսյանների ընտանիքին, և Ամերիկա գալուց օրեր անց եղբայրը մահացավ… Եվ տիկինը դարձյալ ձեռքն առավ գաղթականի ցուպը… Գնալու մեկ տեղ ուներ այս աշխարհում. Դա Հայաստանն էր, դուստրերի և թոռների մոտ…
Աշտարակում ընտանիքին Սիսակյան փողոցի վրա բնակարան հատկացվեց պետության կողմից: Որոշակի օգնություն նույնպես եղավ: Շատվոր էին` ինքը, երեք դուստրը, թոռները, փեսաները: Մահճակալները չէին բավականացնում, և փոքրերը քնում էին հատակին:

Թոռներն ընդունվեցին Երևանի ԲՈՒՀ-երը և դարձան ուսանող: Ամեն օր մայրաքաղաք գնալ-գալը դժվար էր, ֆինասներ էին անհրաժեշտ: Իսկ ընտանիքի ապրուստի միակ միջոցը ՙՓարոս՚ համակարգից տրվող նպաստն էր և տիկին Խաթունի թոշակը:  Մնում էր մի ելք. տեղափոխվել Երևան: Գուցե այնտեղ աշխատանք էլ գտնվի:
Եվ թոռներից մեկի համար աշխատանք, իրոք,  գտնվեց. Տեղավորվեց մի փոքր հիմնարկում: Ընտանիքով շատ էին ուրախացել. Չնայած աշխատավարձն այնքան էլ բարձր չէ, բայց կկարողանա գոնե ուսման վարձը ինքը վճարել…
Դեռ չէին հասցրել վայելել թոռան առաջին աշխատավարձի ուրախությունը, երբ հասավ մյուս բոթը. ՙՓարոս՚ համակարգից նպաստը դադարեցվել է, քանի որ ընտանիքից մեկն արդեն աշխատում է…
Հայասատանի Հանրապետություն է, իրենք`  այդ երկրի քաղաքացիները, և նրանց վրա էլ տարածվում են ՀՀ-ի բոլոր օրենքները… Բացատրությունն այս է…
Ամեն ինչ հասկանալի է, իհարկե. օրենք, կարգ, և մենք Հայաստանի քաղաքացիներս իրավունք չունենք չհարգելու և չպահպանելու այդ օրենքները, որքան էլ դրանք խիստ լինեն: Բայց այստեղ, հենց այդ օրենքի արդարացիության հետ կապված, մեր երկիրը լուրջ խնդիրներ ունի: Այդ նույն օրենքը մարդկային որ օրենքով է մեզ բոլորիս հավասարեցնում Սիրիայից հայրենիք ներգաղթած, տուն, հարստություն, աշխատանք և հարազատներ կորցրած մարդկանց հետ… Այդ օրենքը հայ մարդկ չեն գրել: Կամ օրենքը հավերժ է, ենթակա չէ փոփոխությունների:
Մենք հավատացած ենք, որ մարդկանց այս խմբի` հայրենիք ներգաղթածների համար հենց այդ օրենքում պետք է արտոնություններ սահմանվեն: Թեկուզ` ՙՓարոսի՚ 14 հազար դրամը չխնայելով: Թե չէ, իր 14 հազար թոշակով   կարելի է ապրել… Աշտարակից Երևան հասնելու դրամ, իրոք, չկա… Այդ թոշակի փողով կարելի է գնել օրական մեկ հատ հաց… Էլեկտրականության, գազի և ջրի վարձերը չմարելու դեպքում դրանք էլ կանջատեն… Թոռան աշխատավարձով մի կերպ Երևանի տան և ուսման վարձերը փակում են: Դուստրերի և թոռների համար Աշտարակ գալը անթույլատրելի շքեղություն է… Շուտով էլ, Աստված հաջողի, վիրավոր որդին էլ է Հայաստան գալու…
… Խոսքեր չկան ասելու, սրտի ցավը մեղմելու հնար չկա… Եվ այս ամենը` մեր աչքի առաջ… Հետո ի’նչ, որ մարդը դռներ չի ծեծում, լաց չի լինում, չի մուրում: Չէ’ որ պատկան կազմակերպությունները, պետական և տեղական իշխանությունները  գիտեն, որ մեզ մոտ այսպիսի մեկը կա: Նրանցից որի’ մտքով է անցել հետաքրքրվել, թե այս դժբախտներն  ինչպես են ապրում, ինչ հոգսեր և օգնության կարիք ունեն:
Հայոց ցեղասպանության 100-ամյա արձագանքն է մեր աչքերի առջև, և մենք անտարբեր դիտում ենք:
Բայց քաղաքում, մարզում պետական, բարեգործական շատ կազմակերպություններ, հնարավորություններ ունեցող անհատներ կան, որոնք պարտավոր են հոգալ դժվարություններ կրող մարդկանց կարիքը: Ես նրանց խնդրում եմ հնարավորինս  օգնել մենության մեջ հայտնված տիկնոջը, հենց այն մարդուն, որը հայրենիքի հուսով է մեր կողքին և… հայտնվել է միայնության մեջ, բոլորից լքված վիճակում: Մինչև որ  մեր կառավարությունը, մեր պատգամավորները ելք կգտնեն  գործող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, դրանք  հարմարեցնելու հայ մարդու կարիքներին ու շահերին:
Իսկ այն մարդիկ, որոնք կցանկանան օգնել այս ընտանիքին, կոչ ենք անում սատար լինել հայրենիքում անելանելի վիճակում հասած փախստական մեր հայրենակցուհուն:
Ցանկացողները կարող են զանգահարել  094-11-07-04 հեռախոսահամարով` տիկին Խաթունին: Հենց մեր հույսով է տիկինն  ապրում…
… Հայրենիք եմ եկել ապրելու,-մեղմ ժպիտով ասում է տիկին Խաթունը: Եվ ավելացնում է. –Փառք Աստծո…
Պ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s