Անաղարտ պահել Աշտարակի դեմքը

Խորհրդային քաղաքաշինության ավանդները որքան արդյունավետ, նույնքան էլ արատավոր էին: Այդ ժամանակներում  լայն տարածում ստացավ  ՙտիպային շենք՚ հասկացողությունը, Հայաստանի քաղաքներն ու գյուղերը առատորեն  կառուցապատվեցին նույն տեսքի ու գույնի հազարավոր անդեմ ու անհրապույր շենքերով, ու եթե աչքերդ բացեիր այդ շենքերի անձուկ միջավայրում, դժվար կլիներ տարբերել, թե որ քաղաքում ես գտնվում: Չհիշենք նման սյուժեներով ստեղծված անեկդոտներն ու կատակերգությունները: Հաստատենք միայն, որ նման կառուցապատման պատճառով բնակավայրերը կորցնում էին իրենց ինքնատիպությունը, կառուցապատման հին ու հնագույն ավանդները, ամենուր ստեղծում էին գորշ ու ճնշող միջավայր:
Բարեբախտաբար Աշտարակը որոշակիորեն զերծ մնաց  այս համահարթեցումից, նրա կենտրոնական թաղամասերը չենթարկվեցին ՙչոր հողի՚ օրենքներին, մինչև անցյալ դարավերջ դեռ ապրում էր աշտարակյան ժողովրդական տների խիստ արժեքավոր պատմական միջավայրը, որը խելացի կառավարման շնորհիվ որոշակի հատվածներով այսօր էլ դեռ բնորոշում է քաղաքի դեմքը` այն շահեկանորեն առանձնացնելով երկրի մյուս նույն տրամաչափի քաղաքներից:
Սակայն վերջին տասնամյակներում քաղաքի դեմքը  նշանակալիորեն աղարտվեց:  Համայնքի տարբեր տարիների ղեկավարներ  մոռացության մատնեցին քաղաքի  գլխավոր հատակագիծը, որը կատարված էր բանիմացությամբ ու մեր քաղաքի հանդեպ արվեստագետի մեծ սիրով, և քաղաքի բյուջեն լցնելու մարմանջով սկսեցին կառուցապատման համար հողակտորներ հատկացնել ամենուրեք, հաճախ նույնիսկ մայթերի, պուրակների, հետիոտնի համար նախատեսված այլ տարածքների հաշվին: Շատ փողոցներ վերածվեցին պարզ միջանցքների, փակելով քաղաքային հեռնկարներն ու դիտարժան կառուցապատումները` ժողովրդական ճարտարապետության հատուկենտ նմուշները մղելով հետին պլան: Ձեռքից ձեռք անցնող շատ հասարակական ու  տնտեսական նշանակության շենքեր պարզապես մատնվեցին անտերության և մարդկանց աչքերի առջև սկսենին վերածվել ավերակների: Տխուր խոհեր են արթնացնում Աշտարակի նախկին խորհտնտեսության, հին մարզադպրոցի, Քասախի կիրճի վրա իր գոյության վախճանին հասած ռեստորոնի, առևտրի կենտրոնի, Կարմրավորի հարակից տարածքի, հին շուկայի, Մարինե եկեղեցու հանդիպակած շենքերն ու շինությունները: Ժառանգություն են մնացել բազմաթիվ քանդված հենապատեր, անբարետես տարածքներ, անբարեկարգ բակեր, անճոռնի ավտոտնակներ, երկաթե ժանգապատ կրպակներ, որոնք աչքի են զարնում կենտրոնական փողոցների ամենաակնառու կետերում:
Ահա այս խնդիրները լրջորեն զբաղենում են Աշտարակի համայնքի այսօրվա ղեկավարությանը: Քաղաքապետի հանձնարարությամբ  քաղաքաշինության բաժինը այժմ աշխատանքներ է իրականացնում քաղաքի կենտրոնական փողոցները, հարակից անխնամ տարածքները ընդհանուր միջավայրի մեջ ներառելու, հնարավորինս սուղ միջոցներով և փոքր ճարտարապետական ձևերի կիրառումով դիտարժան քաղաքաշինական  դրվագներ ստեղծելու ուղղությամբ: Ի մասնավորի ճարտարապետ Կարեն Հովեյանի հեղինակությամբ նման հատակագծեր են առաջարկվում հին ու կիսաքանդ շուկայի, Կույրերի միավորման, Երկրապահ  ջոկատի շենքերին հարակից փողոցահայաց  տարածքների, Սիսակյան փողոցի վերջնամասի, Հայորդյաց տան և Սիսակյանի արձանի շրջակա պուրակի, Մայր առվի  վերին բաց  հատվածի համար:
Կարեն Հովեյանը այդ աշխատանքները ամենայն մանրամասնությամբ ներկայացրեց վերջերս կայացած քաղաքաշինության խորհրդի նիստում,, որին մասնակցում էին նաև խորհրդի անդամներ, հանրապետությունում մեծ համարում վայելող մեր հայրենակից վաստակաշատ ճարտարապետներ Գագիկ Գյուրջյանը, և Սարգիս Թովմասյանը, որոնք տարբեր տարիների վարել են նաև Աշտարակի գլխավոր ճարտարապետի պաշտոնը, նախագծել են մեր քաղաքի համար կարևորագույն հատակագծեր, շենք-շինություններ: Մասնակցում էին նաև քաղաքապետարանի պատասխանատու բոլոր աշխատակիցները:
Ներկայացված նյութերն, անշուշտ, դժվար է ոչ միայն վերջնական տեսքի բերել, այլև կյանքի կոչել միանգամից, քանի որ անցյալ տասնամյակներին տեղի են ունեցել անտրամաբանական  հողհատկացումներ,  որոնց արդյունքում մեր թվարկած տարածքների զգալի մասը գտնվում են տարբեր կազմակերպությունների և անհատների տնօրինության տակ, և կառուցապատումներ իրականացնելիս պարզապես անհնար է անտեսել սեփականատերերի հնարավորությունները, ցանկություններն ու կարծիքները: Որպես  օրինակ բերենք  հին շուկայի տարածքի ճակատագիրը. այն այժմ Հայկոոպ կազմակերպության սեփականությունն է: Վերջինս մտադիր չէ տարածքն օգտագործել, և ավերակների վերածված այդ աղբանոց-հրապարակը վերքի պես հանգչում է քաղաքի պատմական  կենտրոնում, որտեղ, ի դեպ դեռ  պահպանվում են երբեմնի նշանավոր Ամենափրկիչ եկեղեցու  հիմքերը:
Նման պարագաներում թերևս կարելի էր տեղի տալ և ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Սակայն քաղաքային իշխանությունները այսպիսի իրադրության հետ համակերպվել չեն կարող և հնարավորություններ են փնտրում հասնելու  դրական լուծման: Նման վերաբերմունք է առկա նաև քննարկման դրված մյուս քաղաքաշինական հատվածների ճակատագիրը որոշելու գործընթացներում:
Բոլոր այս խնդիրներն արժանացան նիստի մասնակիցների լրջմիտ քննարկումներին:  Եղան բազմաթիվ ուշագրավ առաջարկներ, ճշգրտումներ, խորհրդատվություններ, որոնք չափազանց օգտակար կլինեն նշված հիմնահարցերը կարգավորելու, մեր քաղաքը ավելի բարետես ու դիտարժան դարձնելու քաղաքային իշխանությունների ուշագրավ մտահղացումներն ու ազնիվ ձգտումները կյանքի կոչելու համար:

Արտ. ՆԱԶԱՐՅԱՆ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s