Ինչ է նշանակում Արցախ

ՙԱրցախ՚ տեղանունը առաջին անգամ հիշատակվել է Սարդուրի Բ-ի (764-735 թթ. Մ.Թ.Ա) Սևանա լճի հարավային ափին, Ծովակ գյուղում հայտնաբերված արձանագրության մեջ: Այն կարդացվում է ՙՈւրտեխե՚ կամ Ուրթեխե՚: ՙ…Կտրեցի մինչև Ուրթեխե երկիրը՚,-արձանագրում է բիայնական արքան:
Ակադեմիկոս Գրիգոր Ղափացյանը անառարկելի ապացույցով այդ տեղանունը նույնացրեց Արցախին: Սակայն առայժմ տեղանվան համոզիչ ստուգաբանություն հրապարակի վրա չկա:
Հիմա փորձենք առաջ քաշել ՙԱրցախ՚ բառի բացատրության մի նոր վարկած` հենվելով ուրարտերեն և հայերեն լեզուների տվյալների վրա:
Նախ պետք է իմնանք, որ բառի վերջին ՙեխե՚ (հայերենում` ՙ-խ՚) մասնիկը հայտնի ածանց է, որ տարածված էր Հին Արևելքի շատ լեզուներում, ինչպես և ուրարտերենում, և ունի հատկացուցչական-տեղանվանական իմաստ: Այդպես են կազմված ՙԶաբախա՚ (հետագա Ջավախք), ՙԷրիախի՚ (հետագա Շիրակ), Կամախ, Կարախ և բազմաթիվ այլ տեղանուններ:
Ուրեմն վստահորեն կարելի է ա-ռանձնացնել ՙՈւրթ՚ արմատը:
Հայտնի է նաև, որ ուրարտերեն լեզվում ՙՈւ՚ սեպագրով արտահայտվում էր նաև ՙՕ՚ հնչյունը, որի համար այդ լեզվում առանձին գիր չկար: Ուրարտերենը չի տարբերակում նաև ՙՏ՚ և ՙԹ՚ հնչյունները: Ուրեմն ՙՈրթեխեն՚ կարող էր արտասանվել նաև ՙՕրթեխե՚: Վերջին տասնամյակներում հայ և օտար լեզվաբանները (Գ. Ջահուկյան, Վ. Իվանով, Հ. Կարագյոզյան և ուրիշներ) ուրարտերենում հայտնաբերել են բազմաթիվ հնդեվրոպական-հայկական արմատներ, որոնք մեծ թիվ են կազմում հատկապես տեղանուններում: Դա իրավունք է տալիս ՙՈւրթՕրթ՚ բառի հիմքերը ևս որոնել հայերենում:
Մեր խորին համոզմամբ ուրարտերենը հարազատորեն պահպանել է բնիկ հայերեն ՙՈրթ՚ (ՙԽաղողի վազ՚, ՙդյուրաթեք ճյուղ՚) բառը: Պետք է իմանալ նաև, որ ՙՈ՚ տառը հին հայերենում կարդում էին պարզապես ՙՕ՚: ՙՕ՚ տառ մաշտոցյան այբուբենը չի ունեցել, այն ավելացվել է միջնադարում, ուստի և հնում գրում էին ՙՈլիմպիա՚ կամ ՙՈղիմպիա՚ և կարդում էին ՙՕլիմպիա՚, կամ գրում էին ՙովկեանոս՚ և կարդում էին ՙօվկեանոս՚: Բառասկզբում ՙՈ՚-ից առաջ մեր օրերում լսվող, բայց ավանդաբար չգրվող ՙՎ՚ նախահնչյունը ավելացել է դարձյալ միջնադարում:
Այն, որ ուրատերեն ՙՈւրթեխե-ի ՙՈւ՚-ն հնչել է ՙՕ՚ ապացուցում է նաև հունարենով ավանդված Արցախի հնագույն հիշատակություններից մեկը: Երբ դեռ հայերենը գրավոր լեզու չէր, հույները այդ երկրամասն անվանում էին ՙՕրխեստենե՚: Պարզ է, որ հունարեն լեզվի առանձնահատկություններին ենթակվելով բառի ՙԹ՚ և ՙԽ՚ հնչյուններն իրենց տեղերը փոխել են: Այս երևույթը լեզվաբանության մեջ կոչվում է դրափոխություն: Իսկ բառավերջի ՙ-ենե՚ մասնիկը հունարենի տեղանվանակերտ ածանցն է:
Բայց ահա հունարեն բառի մեջ ավելացել է մի հնչյուն ևս` ՙՍ՚, որ անկասկած արտացոլում է հայերենի լեզվական իրողություններից մեկը: Մասնագիտական քննությունը ցույց է տալիս, որ այս ՙՍ՚-ն կարող է լինել հնդեվրոպական-հայկական հոգնակիակերտ վերջավորությունը, որը գրաբարի ուղղական հոլովում տալիս է ՙք՚: Ուրեմն հայերենից հունարենին անցման շրջանում, այսինքն` մեր թվարկության սկզբներին բառի արմատը հնչել է ՙՈրթք՚ կամ ՙՈրթս՚( կանոնավոր հայցականով), ամբողջ բառը հնչել է ՙՕրթսախ՚:
Հայերեն հետագա զարգացումներում ՙԹ+Ս՚ հնչյունախումբը օրինաչափորեն դառնում է ՙՑ՚: Դա էլ հենց պատճառ է հանդիսացել, որ նախնական բառը կորցնի իր հասկանելիությունը, և ՙՕրթսախը՚, դարձյալ հայերենի օրինաչափություններով, դառնա ՙԱրցախ՚ ինչը և հայերեն լեզվով հաղորդվել է 5-րդ դարից:
Պարսկերենում, սակայն, գործածական է մնացել հին ՙՈրթք՚ բառի ուղիղ թարգմանությունը` ՙԲաղ՚, ՙԲաղ ի սեավ՚, որը վաղ միջնադարում ետփոխառվել է հայերենում ՙԲաղք՚ ձևով և օգտագործվել է նշելու համար Սյունիքի և Արցախի որոշակի տարածքներ, ընդ որում նաև այսօրվա Քաշաթաղը:
Պարսկերեն ՙԲաղ ի սեավ՚ հարադրությունն իր հերթին բառացի թարգմանվել է թյուրքերեն` ՙՂարաբաղ՚- ՙՍև այգի՚:
Այսպիսով ՙԱրցախ՚ և ՙՂարաբաղ՚ տեղանունները ունեն ծագումնաբանական ընդհանրություն, արտացոլում են նույն իմաստային բովանդակությունը և արտացոլում են ՙխաղողի այգիներ՚, ՙորթաստան՚ հասկացությունը, որը շուրջ երեք հազար տարվա գործածություն ունի և կրկին անգամ գալիս է աներկա-բայորեն ապացուցելու, որ այդ վաղնջական ժամանակներից ի վեր Արցախը մշտապես ունեցել է հայ և հայեցի ազգաբնակչություն:
Արտավազդ ՆԱԶԱՐՅԱՆ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s