Նոր տարին հին Աշտարակում

      Նոր տարին բոլոր հայ ընտանիքներում սովորաբար դիմավորում են մաքուր, հավաքված ու հարդարված բնակարանով: Բազմաթիվ են այն սովորություններն ու ծեսերը, որոնք համահայկական են, և հատուկ բոլոր գավառներին, գյուղերին ու քաղաքներին: Անշուշտ, կան նաև փոքրիկ տարբերություններ: Օրինակ Լոռիում տան տիկինը մեղր էր քսում ընտանիքի բոլոր անդամների շրթունքներին:  Համշենում այդ օրը կծու կերակուր չէին ուտում, միմյանց թթու խոսք չէին ասում:

Ինչպես էր նշվում Նոր տարին հին Աշտարակում: Այն յուրատեսակ խորհուրդ ուներ հատկապես երեխաների համար: Նոր տարվա գիշերը,  երեխաներին քուն դնելիս տանտիկինները նրանց ասում էին, որ գիշերը <<խլվլիկը>>գալու է և ձեզ նվերներ է բերելու: Խլվլիկի նվերը մի կողով էր, մի պարկ կամ ուղղակի բերանը փակ մի արկղ: Առավոտյան շուտ տատիկները հավաքում էին երեխաներին, բաց անում <<խլվլիկի>> բերածը, որին երեխաները անվանում էին <<բունունիկ>>, իսկ այնտեղ տարբեր տեսակի մրգեր էին` չամիչ, ընկույզ, խնձոր, տանձ, նուռ և այլն: Փաստորեն <<խլվլիկն>> ու իր <<բունունիկը>> ժամանակակից Ձմեռ պապի ու նրա պարկի դերն էին կատարում:

Անկախ նրանից, թե ով ինչ սոցիալական վիճակում էր, Նոր տարին նշանավորվում էր տոնական սեղանով: Սեղանին դրվում էին բացառապես պասուց կերակուրներ, որոնք զարմանալի բազմազան էին ` սկսած պասուց տոլմայից մինչև զանազան տեսակի աղցաններն ու չարազները: Նոր տարվա հացը թխելուց հետո որևէ մեկի հարմարավետ թոնրատանը հավաքված հարևանները թխում էին նաև թոնրի գաթա, կաթնահունց, կլոջներ, որոնք ունեին մարդու, տիկնիկի կամ զանազան կենդանիների և առարկաների տեսք: նշելի են մի շարք սովորություններ, որ կապվում էին Նոր տարվա հետ: Նոր տարուց առաջ ընտանիքի բոլոր անդամները պարտադիր լողանում էին: Այդ օրը ցանկալի էր, որ եկեղեցում տան անդամների թվով մոմեր վառվեին: Բարի նշան էր, որ նոր տարվա նախօրեին մի նոր կայք առնեին տան համար: Բոլոր խռով մարդիկ, հատկապես հարազատ բարեկամները պետք է հաշտվեին:

Առաջներում, երբ եղևնին տարածված չէր, մարսիկ զարդարում էին տան լիմոնի ծառը, կամ դրսից բերում էին ծառի ճյուղեր, թփեր ու դրանք զարդարում ոչ թե խաղալիքներով, այլ մրգերով: Նոր տարվա գիշերը վառ էին պահում բոլոր ճրագներն ու մոմերը, դռները չէին փակում, բաց էին նաև կերակուրների ամանների բերանը: Ձմեռ պապին հաճախ փոխարինում էր տան մեծահասակներից մեկը, որն այնպես է դեմքը ներկում և կերպարանափոխվում, որ երեխաները չէին ճանաչում նրան: Մեծերը երեխաներին ցորեն ու գարի էին տալիս ու հորդորում դրանք նետել հոսող ջրի մեջ` ասելով` <<առ քեզ ցորեն ու գարի, տուր մեզ բարի նոր տարի>>: Ամանորի առավոտը երեխաները նշում էին աղմկալից խաղերով` ձնագնդի, սահնակ ու չմուշկ, ձնե մարդ իսկ տղամարդիկ շտապում էին այցելել բոլոր նրանց տները, որոնք անցնող տարվա ընթացքում հարս էին բերել: Չէին մոռացվում նաև ննջեցյալները, որոնց ընտանիքները ևս արժանանում էին ցավակցական այցելությունների: Իսկ ահա Նոր տարին բոլորը նախընտրում էին դիմավորել իրենց, կամ տոհմի նահապետի տանը, որին այցելելը բոլորի պարտքն էր: Անշուշտ այդ սովորույթների մեծ մասը այսօր էլ պահպանվում է, թեպետ տոնակատարությունը լրացվել է նոր գծերով ու բնութագրերով: Սեղաններն հիմա անահամեմատ առատ են, ամեն տան մեջ վառվում են տոնածառի լույսերը, Նոր տարվա հանդեսները երևան են բերում նոր տաղանդներ…

Ա. Ավետիսյան

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s